Մահացել է լեգենդար հայ խորհրդային ֆուտբոլիստ և մարզիչ, օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանը
23.11.2025
Մահացել է լեգենդար հայ խորհրդային ֆուտբոլիստ և մարզիչ, օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանը:
Նիկիտա Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին նշել էր ծննդյան 99-րդ տարեդարձը։
Օլիմպիական չեմպիոնի մահվան մասին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլային վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը։
«Նոյեմբերի 20-ին Նիկիտա Սիմոնյանը վատ ինքնազգացողության պատճառով հոսպիտալացվել էր։ Այսօր նա հեռացավ կյանքից»,- Միրզոյանի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։
Նիկիտա Սիմոնյանը 1973-1974-ը գլխավորել է Երեւանի «Արարատը», որի հետ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն եւ գավաթակիր: Նա «Արարատում» աշխատել է նաեւ 1984-1985-ին:
Մոսկվայի «Սպարտակի» կազմում նա խաղացողի կարգավիճակում դարձել է ԽՍՀՄ քառակի չեմպիոն, գլխավոր մարզիչի դերում՝ կրկնակի չեմպիոն։
***
«Սպարտակի» մեծագույն 9 համարը ակումբի կազմում խփել է 160 գոլ՝ ավելի քան վեց տասնամյակ մնալով անհասանելի ռեկորդակիր: Ակումբի թանգարանում Սիմոնյանին նվիրված է առանձին տաղավար, որի վրա հազիվ են տեղավորվում նրա բոլոր բազմաթիվ մրցանակներն ու գավաթները: Սիմոնյանն ավարտել է կարիերան փառքի բարձունքում։ Արտասահմանյան լրատվամիջոցները նրան անվանել են մոլորակի լավագույն կենտրոնական հարձակվողներից մեկը:
Կարիերան ավարտելուց հետո Սիմոնյանը հաջողության է հասել նաև որպես մարզիչ. Մոսկվայի «Սպարտակի» հետ հաղթել է ԽՍՀՄ առաջնությունը 1962 և 1969 թվականներին, իսկ 1973 թվականին նրա գլխավորությամբ Երևանի «Արարատը» հաղթանակ է տարել ԽՍՀՄ առաջնությունում և Գավաթում:
Նիկիտա Սիմոնյանը «Սպարտակի» կազմում մի քանի անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և դարձել ակումբի պատմության լավագույն ռմբարկուն: ԽՍՀՄ հավաքականի առաջին գոլի հեղինակը աշխարհի առաջնություններում (Շվեդիայում 1958 թ.):
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկիտա Պավլովիչին շնորհել էր Ռուսաստանի աշխատանքի հերոսի կոչում՝ ռուսական ֆուտբոլի զարգացման և մասսայականացման գործում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև պետությանը մատուցած հատուկ ծառայությունների համար: